The Guardian. Արցախում կա զբոսաշրջիկին հարկավոր ամեն ինչ
Բրիտանական The Guardian պարբերականը «Նամակ անհայտից. Քարտեզից դուրս» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել՝ Արցախի մայրաքաղաքի մասին` իր համապատասխան խորագրի շրջանակներում:
«Ստեփանակերտի՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի սաղարթախիտ ճեմուղիները, սկսում են հյուրերի գրավել, սակայն միջազգային հանրության մեծ մասի համար այս հանրապետությունը գոյություն չունի», - ասված է հեղինակավոր հրատարակության նախաբանում:
«Շատ առումներով Ստեփանակերտը նման է վերելք ապրող փոքրիկ ամերիկյան քաղաքի: Քաղաքի հիմնական զբոսայգիների մայթերը սալիկապատվել են, տեղացիները զբոսնում են վերանորոգված կենտրոնական հրապարակի նրբագեղ շատրվանի մոտով և գրեթե յուրաքանչյուր թաղամասում հյուրանոցներ են հայտնվել՝ հյուրերի նոր ներհոսքին համապատասխանելու համար»,- գրում է հոդվածագիր Դեն Փելեշուկը:
Նա ստիպված է արձանագրել (որոշ պարբերություններում ակնհայտորեն ադրբեջանամետ ձևակերպումներով հանդերձ), որ, անկախ ամեն ինչից, որոշ ժամանակ առաջ մեծ մասամբ ավերակների վերածված քաղաք են «այժմ ձգտում ճանապարհորդներ ամբողջ աշխարհից»:
Անդրադարձը արժեքավոր է նաև նրանով, որ հիշեցնում է ադրբեջանական վերջին հարձակումների՝ հրադադարի խախտման դեպքերի մասին:
Հոդվածը եզրափակվում է մանր բիզնեսի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանի խոսքով այն մասին, որ Արցախում կա ամեն բան, որ հարկավոր է զբոսաշրջիկին:










