ԱԻՆ-ը Վրաստանում տուժած ՀՀ քաղաքացուն տեղափոխել է Երևան

12:39 • 23.08.12

Վրաստանում ավտոպատահարի հետևանքով տուժած Լիլյա Մովսիսյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:


Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում եղել են ՀՀ քաղաքացիներ: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվում ավտոմեքենայի վարորդի հետ:


Պարզվել էր, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել:


Պատահարի հետևանքով ուղևորներ 1981 թ. ծնված Լիլյա և 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանները ստացել էին տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: