Գործադիրը հաստատեց հեռարձակման համակարգի թվայնացմանը պահանջները

13:16 • 23.08.12

Կառավարությունն այսօր՝ իր հերթական նիստի ժամանակ, հաստատեց Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստա-ռադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները:


Նախագիծը Կառավարությանը ներկայացրեց Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ով նշեց, որ համակարգը ներդնելու համար ստեղծվել է մրցութային ու մասնագիտական հանձնաժողով, որը հայտ ներկայացնող բոլոր ընկերությունների հետ խորհրդակցել ու հաշվի է առել առաջարկները:


Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ համապատասխան մասնագետների կողմից մշակվել է տեխնիկական առաջադրանք, որով սահմանվել են բոլոր տեխնիկական պահանջները ռադիո և հեռուստատեսության թվայնացման մրցույթը կազմակերպելու համար:


«Այսօր այս որոշումով մենք հաստատում ենք այդ տեխնիկական պահանջները և բոլոր հրավիրում ենք բոլոր համապատասխան ընկերություններին, որպեսզի մասնակցեն և իրենց վրա վերցնեն այդ պարտականությունը՝ թվայնացնել մեր հեռուստատեսությունը»,- ասաց նա:


Վարչապետը նշեց, որ Հայաստանը պարտավորություն ունի Եվրոպական Միության հանդեպ, ըստ որի, մինչև 2015թ-ը ՀՀ-ում պետք է իրականացնել հեռուստա-ռադիոհեռարձակման համակարգի թվայնացումը: