Ֆրանսիան գնչուների հարցը կբարձրացնի ԵՄ գագաթաժողովում

16:22 • 23.08.12

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է դիմել Եվրամիության նախագահությունը ստանձնած Կիպրոսի իշխանություններին` գնչուների սոցիալ- տնտեսական ինտեգրման հարցը կառույցի հերթական գագաթաժողովի օրակարգում ներառելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Euractiv-ին: Գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 18-19-ը, Բրյուսելում:

Ֆրանսիայի հասարակությունն անհանգստացած է երկրի տարածքում Բուլղարիայից ու Ռումինիայից եկած գնչուների թվով: Ըստ պաշտոնական տվյալների` Ֆրանսիայում ապրում է մոտ 15.000 գնչու:

 

«Փարիզը ցանկանում է նաև բանակցություններ սկսել Բուխարեստի ու Սոֆիայի հետ`  հայրենիքում (Ռումինիա, Բուլղարիա) գնչուների ինտեգրման աջակցությանն ուղղված նախաձեռնություններ մշակելու նպատակով», - հայտնում է Euractiv ինտերնետ-ռեսուրսը:

  

Մինչև դեկտեմբերի 31-ը Ֆրանսիան և ԵՄ ևս 7 երկրներ` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան, պարտավոր են Ռումինիայի ու Բուլղարիայի քաղաքացիների համար աշխատաշուկաներ բացել: Կառույցի մնացյալ անդամներն արդեն հանել են այս երկու երկրներից աշխատուժի ընդունման արգելքը: Այս երկու երկրները կառույցին անդամակցում են 2007թ.-ից:

 

Եվրահանձնաժողովն օրեր առաջ անհանգստություն էր հայտնել Ֆրանսիայից գնչուների վտարման նոր դեպքերի առնչությամբ և պարզում է` արդյո՞ք այն չի իրականացվել ԵՄ օրենսդրության խախտումներով:

Օգոստոսի 9-ին Ֆրանսիական Լիլ քաղաքի արվարձանում, որը սահմանակից է Բելգիայի հետ, ապամոնտաժվել են գնչուական ճամբարներ, որտեղ բնակվում էր մոտ 350 գնչու: Մինչ այդ, նման միջոցառումներ են իրականացվել նաև Լիոնում ու Փարիզում: Արդյունքում` նյութական փոխհատուցման դիմաց մոտ 240 գնչու վերադարձել է Բուխարեստ: