Արամ Գաբրիելյանովը կոչ է արել առավել խստորեն պատժել Pussy Riot-ի անդամներին
News Media հրատարակչատան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը կարծիք է հայտնել, որ սկանդալային Pussy Riot պանկ-ռոք խմբի անդամները 2 տարվա փոխարեն պետք է դատապարտվեին 5-6 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, նա հիշեցրել է Օրենբուրգ քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ վանդալները 5-6 տարվա ազատազրկման էին դատապարտվել սինագոգը պղծելու համար:
«Այդ ինչո՞ւ սինագոգի սրբապիղծներն ընդդիմության նման համակրանքին չարժանացան, որքան եկեղեցին պղծողները»,- Սերգեյ Մինաևի MinaevLive թոք-շոուի ժամանակ նկատել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը 2-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:
«Ես չեմ հասկանում բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, որ այո՛, նրանք քածեր են, սակայն չի կարելի նրանց պատժել»,- ասել է նա:
Հրատարակչատան գլխավոր տնօրենի կարծիքով` դատավորը, տրվելով հասարակության հիստերիային, դեռ մեղմ պատիժ է սահմանել:
«Չի կարելի օրենքը խախտել, չի կարելի դիպչել մարդկանց կրոնին»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ եթե խմբի աղջիկները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել պատրիարքին, թող գնային նրա տուն: Նա խոստովանել է, որ թեև այլ հավատ է դավանում, սակայն նրա ռուս կինն իրեն վիրավորված է զգում:
Արևմտյան մի շարք երկրներ ու հանրահայտ մշակութային գործիչներ քննադատել են մոսկովյան դատարանի կայացրած վճիռը` այն համարելով «անհամարժեք»:










