Հունաստանում 3500-ամյա առանձնատուն են հայտնաբերել
Հույն հնագետները Կրետե կղզու լեռներում` ծովի մակարդակից 900 մետր բարձրության վրա, պեղել են 3500 տարվա վաղեմություն ունեցող առանձնատուն, գրում է Euromag-ը:
Պեղումների առաջին փուլը տևել է 6 շաբաթ, և գիտնականներին հայտնի է եղել, որ գործ ունեն մ.թ.ա. 16-15 դարերի արտասովոր մի շինության հետ, որը կառուցվել է մինոյան քաղաքակրթության ժամանակ: Այս քաղաքակրթությունը հայտնի է նաև Քնոսի ամրոցով, որը հին հույները կոչել են Մինոտովրոսի լաբիրինթոս:
«Ամենից շատ մեզ տպավորել է կառույցի ճարտարապետությունը: Դրա արտաքին պատերի կառուցապատման համար օգտագործվել են հսկայական սալիկներ, ինչը խոսում է այն մասին, որ դրա տերը ցանկացել է ցույց տալ իր անձի կարևորությունը»,- նշել է հնագիտական աշխատանքների ղեկավար Յանիս Պապադատոսը:
Նրա խոսքերով` արտասովոր մեծ չափերի այս առանձնատան պեղման աշխատանքները պետք է շարունակվեն 4 տարի: Դրա սենյակներից մեկում հնագետները մեծ տակառներ են գտել , որոնք օգտագործվել են սնունդը պահելու համար: Մասնագետները դեռևս չեն կարողացել պարզել, տակառների պարունակությունը, սակայն դատելով դրանց մեծ քանակից, ենթադրում են, որ տերը շատ հարուստ մարդ է եղել:










