Վրաստանի ընդդիմության առաջնորդի ունեցվածքը կբռնագանձվի
Վրաստանի արդարադատության նախարարության Հարկադիր ակտերի կատարման ազգային բյուրոն այսօր կիրականացնի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի գույքագրում և գնահատում: Պատճառն այն է, որ Իվանիշվիլին հրաժարվել է վճարել 20 մլն լարիի չափով (12 մլն դոլար) տուգանքը, հայտնում է vz.ru-ն:
Նախօրեին նման ֆինանսական պատժամիջոց էր սահմանվել կոալիցիայի անդամ Կախա Կալաձեի նկատմամբ, ով հրաժարվել էր վճարել 17 մլն լարիի չափով (10 մլն դոլար) տուգանքը: Նրանց նկատմամբ տուգանք էր սահմանվել անձնական հաշվեհամարներից մեծ գումար հանելու համար, որոնք, ըստ Աուդիտի պետական ծառայության, կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Ծառայությունն առաջարկել էր ընդդիմադիրներին գումարը վերադարձնել հաշվեհամարներին, ինչը նրանք մերժել էին:










