Լոնդոնի կենդանաբանական այգում ստուգում են բոլոր կենդանիներին (տեսանյութ)
Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցները սկսել են կենդանիների ծննդի ու մահացության վիճակագրության գրանցումներ կատարել, հայտնում է BBC-ն:
Քաշի ամենամյա ստուգումների ժամանակ ավելի քան 16 հազ. կենդանի է կշռվում ու չափվում: Մի քանի ամիս տևողությամբ այս աշխատանքը կազմակերպված է կենդանիների ճիշտ աճին հետևելու նպատակով: Օրինակ, տարվա այս շրջանում պինգվինների մոտ քաշի ավելացում է նկատվում: Ընձուղտների աճը ստուգելու համար չափվում է նրանց հասակը, մինչդեռ առյուծների ու վագրերի դեպքում նայում են նրանց թաթերին, իսկ գետաձիերի աճը որոշվում է ըստ բերանի բացվածքի մեծության:
Տվյալներն այնուհետև գրանցվում են Կենդանաբանական տեղեկատվական կառավարման համակարգում, որից կարող են օգտվել աշխարհի շատ կենդանաբանական այգիներ՝ հազարավոր վտանգված կենդանատեսակների մասին տեղեկատվությունը համեմատելու նպատակով:
Մասնագետների պնդմամբ, քաշի տարբերությունը կարող է վկայել կենդանու հիվանդության մասին:
«Մենք պետք է ունենանք յուրաքանչյուր կենսական ցուցանիշի մասին վիճակագրությունը: Այն օգնում է նրանց առողջ պահել: Իսկ այլ կենդանաբանական այգիների հետ տեղեկատվության փոխանակումն, օգնում է պաշտպանել կենդանիներին»,- ասել է լոնդոնյան Այգու կենդանաբանական մասի տնօրեն Դեվիդ Ֆիլդը:










