ԱՄՆ-ում թուրք դիվանագետը փորձել է խոչընդոտել Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմանը
Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Փասադենայի քաղաքապետարանի ներկայացուցչների հետ: Հանդիպման նպատակն է եղել խոչընդոտել ամերիկյան այդ քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմանը, հայտնում է Asbarez-ը:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի Փասադենայի մասնաճյուղը քաղաքի իշխանությունների գործերին լկտիաբար միջամտելու թուրքական փորձերը քննադատող հայտարարություն է տարածել:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել թուրք փոխհյուպատոս Արիֆ Չելիքի և քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում թուրք դիվանագետը հայտնել է, որ իր երկրի իշխանություններն «այլ կարծիք ունեն» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Փասադենան, որտեղ նաև ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են ապրում, Վանաձորի քույր քաղաքն է:
Մայիսի 28-ին ի նշանավորումն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա Փասադենայի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացվել էր նաև հայոց եռագույնը:










