ԱՄՆ–ը մտադիր է ընդլայնել հակահրթիռային պաշտպանությունն Ասիայում
Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել հակահրթիռային պաշտպանությունն (ՀՀՊ) Ասիայում` Հյուսիսային Կորեայի կողմից հնչող սպառնալիքները զսպելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վաղ նախազգուշացման նոր ռադար տեղակայել Ճապոնիայի հարավային կղզիներից մեկում, ևս մեկն էլ` Հարավարևելյան Ասիայում (հնարավոր է` Ֆիլիպիններում):
Ճապոնիայում ռադարը կարող է տեղակայվել առաջիկա ամիսների ընթացքում, հարցն արդեն քննարկվում է Տոկիոյի հետ:
Ռադարները Միացյալ Նահանգներին թույլ կտան ծածկել ոչ միայն Հյուսիսային Կորեայի տարածքը, այլև առավել խորությամբ գրավել Չինաստանի տարածքը:
Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Պենտագոնին անհանգստացնում է ոչ այնքան Հյուսիսային Կորեան, որքան Չինաստանը` իր հրթիռային հզոր զինանոցով ու Հարավչինական ծովում վիճելի կղզիների շուրջ ագրեսիվ դիրքորոշմամբ:
Պաշտոնական Պեկինը չի մեկնաբանել Վաշինգտոնի ծրագիրը` միայն ասելով. «Չինաստանը միշտ կարծել է, որ ՀՀՊ հարցերին պետք է մեծ զգուշությամբ վերաբերվել: Մենք կողմ ենք նրան, որ բոլոր կողմերը հարգեն ու հաշվի առնեն մեկմեկու անվտանգության շահերը և փորձեն ստեղծել փոխշահավետ ընդհանուր անվտանգ գոտի»:










