Հարավային Կորեայի դատարանն արգելել է Apple-ի և Samsung-ի արտադրանքների վաճառքը երկրում
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը վճիռ է կայացրել Apple Inc-ի և Samsung Electronics Co-ի գործով, որում ասվում է, որ 2 ընկերություններն էլ խախտել են արտոնագրային իրավունքները, ինչի պատճառով էլ երկրում դրանց արտադրանքների մի մասի վրա վաճառքի արգելք է դրվել, հայտնում է News.com.au-ն:
Համաձայն դատավճռի` Apple-ը պարտավոր է վաճառքից հանել iPhone 3GS, iPhone 4, iPad 1 և iPad 2 սարքերը, քանի որ խախտել է Samsung-ի` հեռահաղորդացության վերաբերյալ արտոնագրերը:
Բացի այդ դատարանը մեկ այլ վճիռ է կայացրել, որով արգելում է Samsung-ի Galaxy S2-ի և մի շարք այլ արտադրանքների վաճառքը երկրում` պատճառաբանելով, որ ընկերությունը խախտել է Apple-ի արտոնագրերից մեկը:
Կայացված վճիռը չի տարածվում բոլորովին վերջերս թողարկված iPhone 4S-ի և Galaxy S3 սմարթֆոնների վրա: Այժմ 2 ընկերությունները պարտավոր են դրամական փոխհատուցում տրամադրել մեկը մյուսին` որպես փոխհատուցում:
2011թ-ին Apple-ն ԱՄՆ-ում 2.5 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել Samsung-ի դեմ` պնդելով, որ այդ ընկերության մի շարք սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչները հանդիսանում են իրենց արտադրանքների` մասնավորապս iPhone-ի և iPad-ի կրկնօրինակը:










