Բրեյվիկը գոհ է իր դատավճռից ու չի պատրաստվում բողոքարկել այն
Նախորդ տարի կրկնակի ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկը գոհ է իր դատավճռից ու չի պատրաստվում բողոքարկել այն: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ահաբեկչի դատապաշտպան Հեյր Լիպեսթադը:
Այսօր ավելի վաղ նա դատապաշտպանների միջոցով ևս հասկացնել էր տվել, որ դատավճիռն իր համար անակնկալ չէ:
Նորվեգիայի մայրաքաղաքի շրջանային դատարանն այսօր Բրեյվիկին նորվեգական օրենքներով առավելագույն 21 տարվա ազատազրկման է դատապարտել` նախորդ տարվա հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցների ուղղությամբ կրակ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 77 մարդ:
Հետագայում նրա պատժաչափը կարող է ավելացվել:










