$100 հազ. նվիրաբերություն Բրազիլիայից՝ ՀՀ–ում երեխաների սննդի բարելավման համար
Բրազիլիայի կառավարությունը այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը նվիրաբերեց 100.000 ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարությանն աջակցելու, հայ երեխաների վիճակը բարելավելու նպատակով։
Միջոցառմանը Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը նշեց, որ նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նախաձեռնվող ծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց և մայրերին, երկարաժամկետ մարդասիրական և զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակներում:
«Բրազիլական կառավարությունը համոզված է, որ ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությունը կարևորագույն գրավականն է լավագույն ապագա կառուցելու և հավասար հնարավորություններ ապահովելու համար: Համոզված ենք, որ այս ոչ մեծ, բայց կարևոր նվիրատվությունը մեծ դեր է ունենալու ՀՀ կառավարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության հետ ծավալած կարևոր գործում»,-ասաց Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:
ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը նվիրատվության համար ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Բրազիլիայի կառավարությանը և նշեց, որ սա վկայում է հայ-բրազիլական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Մենք հույս ունենք, որ այս կարևոր ներդրումը կօժանդակի նաև Հայաստանում առողջապահության զարգացմանը և շատ կարևոր ծրագրերի իրականացմանը»,-ասաց նա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը տեղեկացրեց, որ ֆինանսավորումը Հայաստանում կօգտագործվի վաղ հասակում երեխաների սնուցման բարելավման համար:
Նա նշեց, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրության, վերջին տարիներին Հայաստանում երեխաների սնուցման վիճակը վատացել է: 2005-2010թթ-ին 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում թերաճությունը հասել է 19%-ի, իսկ 3-4 տարեկան երեխաների մոտ` 26%-ի:
«Միջին հաշվարկով Հայաստանում երեխաների 20%-ը թերաճություն ունի: Թերաճությունը երեխայի քաշի ու հասակի ոչ ճիշտ հարաբերակցության ժամանակ է առաջանում: Այն կապված է երեխայի որոշակի տարիքում ճիշտ սնուցման ձախողման հետ»,– բացատրեց Հենրիետ Արենսը:
«Երեխաներրի մի մասը կյանքի առաջին տարիներին անհրաժեշտ սնուցում չի ստանում: ՅՈւՆԻՍԵՖ-ը առանձնացնում է երեխայի թերաճության երկու պատճառ՝ անբավարար սնուցում և հիվանդություններ»,- նկատեց նա։
Այս հարցում, ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել համապարփակ և կարճ ճանապարհով:










