Հայազգի օպերային երգչուհին հրավիրվել է մասնակցելու Մարիա Կալլասին նվիրված համերգին

15:33 • 24.08.12

Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը կմասնակցի օպերային արվեստի լեգենդ Մարիա Կալլասի հիշատակին նվիրված ամենամյա համերգին: Միջոցառումը տեղի կունենա Աթենքում՝ Great Downtown Concert Hall-ում, սեպտեմբերի 16-ին: Համերգն անց է կացվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Համերգը 1974-ից ի վեր կազմակերպում է Athenaeum շահույթ չհետապնդող ընկերակցությունը՝ նվիրելով դա «Մարիա Կալլասի հիշատակին և փառքին»:

 

Համերգին հրավիրվում են Athenaeum-ի Grand Prix "Maria Callas" մրցանակին արժանացած կատարողները: Վարդուհին այդ հեղինակավոր մրցանակին արժանացել է 2001-ին: Կալլասին նվիրված համերգին մասնակցել է նաև 2009-ին: 2007-ից բնակվում է Շվեյցարիայում, ելույթներով հանդես է եկել ոլորտի մի շարք անվանի ներկայացուցիչների, այդ թվում՝ Մոնսերատ Կաբալյեի հետ:

 

Այս տարի, ինչպես Tert.am-ին հայտնեց ինքը՝ երգչուհին, մասնակցելու է արդեն սոպրանոյի երգացանկով: Նա կատարելու է Տոսկայի և Նորմայի դերերգերը համապատասխանաբար Պուչինիի ու Բելինիի համանուն օպերաներից: Ինքը՝ Կալլասը, սոպրանո էր, համարվում էր այս և այլ արիաների անզուգական կատարող:

 

Համերգի 5 մասնակիցները ավարտին հանդես են գալու Վերդիի «Տրավիատայի» Բրինդիսիի կատարմամբ:

 

Վարդուհին Կալլասին համարում է «արտիստիզմի և կանացիության մարմնացում», սակայն գտնում է, որ նրա հասցեին հնչած ցանկացած բնութագրում «շատ պրիմիտիվ» կլինի: Երգչուհին Կալլասի լուսանկարների, ալբոմների և նրա մասին գրքերի մեծ հավաքածու ունի, որը հավաքում է 14 տարեկանից: