Ֆրանսիան առաջարկում է Սիրիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծել

19:21 • 24.08.12

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանը միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել Սիրիայի օդային տարածքում կառավարական մարտական ավիացիայի համար արգելված գոտի ստեղծելու հարցը, հայտնում է Associated Press-ը:


Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել նման ծրագրին: Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ նման գոտի ստեղծելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, այդ իսկ պատճառով պահանջում է անհրաժեշտ կամք ունեցող երկրների կոալիցիայի ստեղծում:

 

Նախարարը վստահություն է հայտնել, որ ներկայիս պայմաններում առանց անհաղթահարելի դժվարությունների (այդ թվում` իրավական) նման ծրագրի իրագործումը հնարավոր է:


Այս հայտարարությունն արվել է Սիրիայում տիրող իրավիճակին նվիրված թուրք-ամերիկյան խմբի առաջին նիստից անմիջապես հետո, որը ստեղծված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի տապալման առավել արագ ու անվտանգ ուղիների քննարկման նպատակով: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին, Անկարայում: