Հայ լրագրողը համահեղինակել է Խոդորկովսկու մեմուարները
Ռուսաստանում լույս կտեսնեն «մեր ժամանակների ամենահայտնի քաղբանտարկյալ» հռչակված, ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովոսկու մեմուարները՝ «Բանտ և ազատություն» (Тюрьма и воля) վերնագրով, հայտնում է Новая газета-ն:
Հեղինակը խնդրել է դա լիակատար ինքնակենսագրություն չհամարել, քանի որ դրա համար դեռ շատ վաղ է՝ իր դեպքում:
«Բորիսիչ: Օտար, բայց հարգարժան», «Ես ցանկանում էի լավագույնը լինել», «Քաղաքականություն», «Դիլետանտ-բանկիրների ոսկե ժամանակը», «Մեծ բիզնես», «1998», «Ելցինից հետո», «Պուտինի օրոք» և այլն. այսպիսին են գրքի 15-րդ գլուխներից որոշների վերնագրերը:
Գրքում տեղ է գտել նաև Խոդորկովսկու դատավարության ժամանակագրական շարադրումը:
Խոդորկովսկու հետ գիրքը շարադրել է լրագրողուհի Նատալյա Գևորգյանը: Նա հայտնի է նաև որպես «Առաջին դեմքից. զրույցներ Վլադիմիր Պուտինի հետ» և «Պուտինի կալանավորները. Պուտին և Խոդորկովսկի» գրքերի հեղինակ:
«Իշխանությունը չի հավատում, որ ազատության մեջ հայտնվելով, Խոդորկովսկին չի սկսի վրեժխնդիր լինել, չի փորձի վերադարձնել ունեցվածքը, չի դառնա «կոմս Մոնտե-Քրիստո»: Իշխանությունը չի հավատում, չնայած Խոդորկովսկին մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ փակել է իր կյանքի այդ էջը, որ ապագայի լրիվ այլ ծրագրեր ունի: Չեմ կարծում, թե նա մտադիր է վրեժ լուծել, սակայն հավատացած եմ, որ Խոդորկովսկին չի մոռանա, և չի ների, այն տարիները, որ նրա կյանքից հանվել են ուրիշի կամքով», - նկատել է Գևորգյանը:
Խոդորկովսկին կենսագրական գիրք գրելու առաջարկներ ստանում էր 2004-ից՝ ազատազրկումից 1 տարի անց:
Եթե Խոդորկովսկուն նոր մեղադրանքներ չներկայացվեն, նա ազատ կարձակվի 2016-ին:










