Հունաստանի իշխանությունները հերքում են անմարդաբնակ կղզիները վաճառելու մասին լուրերը

18:45 • 24.08.12

Հունաստանը չի պատրաստվում վաճառել անմարդաբնակ կղզիները, անհրաժեշտության դեպքում կարող է միայն վարձով տալ: Այս մասին ասվում է Հունաստանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում, իբր, հայտարարել էր ոչ մեծ կղզիները վաճառելու մասին:

 

«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` գործադիր մարմնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «անմարդաբնակ կղզիները վաճառքի հանելու հարց դրված չէ» և տարածել է վարչապետի հարցազրույցից մի դրվագ` հունարենով.

«Բոլոր այն դեպքերում, երբ չկա ազգային անվտանգության խնդիր, այս կղզյակները կարող են օգտագործվել կոմերցիոն նպատակներով: Ոչ մի դեպքում խոսք չի գնում դրանք վաճառելու մասին, այլ խոսքը դրանք օգտաբեր տարածքի վերածելու մասին է, որը կարող է բերել համարժեք եկամուտներ»:

Ըստ մամուլի ծառայության` խոսքը կղզիները երկարաժամկետ վարձակալության տալու մասին է,  որի ժամանակ «պետությունը չի կորցնում այդ օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը»: