Ազատություն ՀԱԿ ակտիվիստներին. բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև ի պաշտպանություն ՀԱԿ 4 երիտասարդների Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի՝ պահանջելով ազատություն և արդար դատական վճիռ:
ՀԱԿ ակտիվիստներն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին թերթիկներ էին բաժանում, որտեղ գրված էր. «2011թ-ի օգոստոսի 9-ին այս երիտասարդները ապօրինաբար տարվել են ոստիկանություն, բռնության ենթարկվել, և այժմ դատապարտվել են ազատազրկման՝ դատախազության կողմից սարքված շինծու մեղադրանքներով»:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին դատարանը դատապարտել է 2-6 տարվա ազատազրկման: ՀԱԿ ակտիվիստներից փաստացի կալանքի տակ է միայն Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երիտասարդները մինչ դատարանի վճռի օրգանական ուժի մեջ մտնելը դեռ ազատության մեջ են:
ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նվազագույնը աջակցության համար պարտավոր են ամեն ուրբաթ գնալ դատախազության մոտ և բողոքի ակցիա իրականացնեն:
«Որքան շատ լինի մասնակցությունը պիկետներին, այնքան էլ ազդեցությունը մեծ կլինի: Գոնե հաջորդիվ դատավարությունների համար կփոխվեն տղաների վճիռները: Այս պահին մեր պայքարը տղաների ազատության համար է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև միջադեպը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի, Արտակ Կարապետյանը 3 տարի, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը 2 տարի ազատազրկման:
Բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:










