ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունն ապացուցեց, որ մարզերում չունի հենարան. Հայկ Բաբուխանյան
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ընդդիմությունը ցույց տվեց, որ մարզերում չունի որևէ հենարան, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին արժանապատիվ ձայն հավաքի:
«Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ ընդդիմությունը գործնականում գրեթե որևէ թեկնածու չառաջադրեց ՏԻՄ ընտրություններում:
««Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը չունի ոչ մի առաջադրված թեկնածու, «Ժառանգությունն» ունի ընդամենը մեկը, միայն Դաշնակցությունն է մի փոքր ակտիվ, առաջադրել է 26 թեկնածու, ինչը չեմ կարծում, որ բավական է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 320 համայնքների ղեկավարների ընտրություններ պետք է կայանան:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի պասիվությանը՝ ՍԻՄ նախագահը նշեց, որ շարունակվում է ԱԺ ընտրությունների քարոզարշավի միտումը. «Քարոզարշավին Լևոն Տեր-Պետրոսյանը մարզերում հավաքում էր 10-15 մարդ և այդ տենդենցն այսօր էլ շարունակվում է»։
Հայկ Բաբուխանյանը պնդում է, որ բացի այդ, թեկնածուներ չառաջադրելով ՀԱԿ-ը ցույց տվեց, որ անտարբեր է մարզերի խնդիրների նկատմամբ և միակ նպատակը իշխանության հասնելն է:
«ՀԱԿ-ի միակ նպատակն է բոլոր մեթոդներով հասնել իշխանության և անել այն, ինչ անում էին 90-ականներին՝ իրենց իշխանության տարիներին»,– ասաց նա:
«Նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում այն խնդիրները, որոնք կան տեղերում, որովհետև դա ծանր աշխատանք է, և իրենք աշխատել, չարչարվել չեն ուզում»,-նշեց նա և ավելացրեց, որ դրա վառ օրինակն է Երևանքի ավագանու ընտրություններին 15% ձայն ստանալն ու նիստերին չմասնակցելով դրանք փոշիացնելը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի պարզաբանմանը, թե իրենք ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, որովհետև իշխանությունն իր լծակներն է օգտագործում, Հայկ Բաբուխանյանը դա որակեց որպես «բամբասկոտ կնկա բացատրություն»:
«Բամբասկոտ կնկա նման բացատրել իր անկարողությունը, թե իրենց նեղում են, ճնշում են, ծիծաղելի է։ Ընտրությունները չսկսած ո՞վ պետք է նեղի: Դա ընդամենն արդարացում է սեփական անկարողությանը և տեղական խնդիրների նկատմամբ անտարբերության»,-ավելացրեց նա:










