Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր կայացած Իրանի ու Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է ապարդյուն: Այս մասին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հայտնել է գործակալության պատվիրակության ղեկավար Հերման Նաքերթսը:
«Այսօրվա բանակցություններն ինտենսիվ էին, սակայն Իրանի ու ՄԱԿ-ի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները թույլ չտվեցին հասնել համաձայնության»,- ասել է նա:
Նաքերթսի խոսքով` կողմերը դեռ չեն ծրագրում նոր բանակցություններ անցկացնել: Նա նշել է, որ այս հանդիպմանը քննարկվել են նույն հարցերը, ինչ նախորդ հանդիպմանը:
Իսկ ՄԳԷՄ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն վստահեցրել է, որ բանակցությունների ընթացքում հաջողվել է որոշակի առաջընթաց արձանագրել: Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ կողմերի միջև պահպանվում են մի շարք տարաձայնություններ:
«Մենք քննարկում ենք բարդ հարցեր: Դրանք կապված են Իրանի ազգային անվտանգության հետ: Եվ ես պետք է ասեմ, որ մենք, այնուամենայնիվ, առաջ ենք շարժվում»,- ասել է նա:
Մոսկվայում հունիսի 18-19-ին անցկացված բանակցությունները նույնպես կողմերին թույլ չէին տվել Իրանի միջուկային խնդրի հարցում հասնել զգալի առաջընթացի:
Թեհրանին առաջարկվում է դադարեցնել ուրանի մինչև 20% հարստացման աշխատանքները և փակել միջուկային գործարանը:










