Մոսկովյան դատարանն արդարացրել է Գարի Կասպարովին

22:17 • 24.08.12

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն այսօր արդարացրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կանոնների խախտման» մեջ մեղադրվող ընդդիմադիր Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ, հայազգի շախմատիստ Գարի Կասպարովին` նրա գործողություններում չհայտնաբերելով որևէ խախտում:


«Ոստիկանական ծանուցումներում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»,- գործի քննության ժամանակ ասել է Կասպարովը:


Հիշեցնենք, որ Կասպարովը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին, սկանդալային Pussy Riot պանկ-ռոք խմբի անդամների դատավճռի հրապարակման օրը դատարանի մոտ անցկացված զորակցության ակցիայի ժամանակ:


Ընդդիմադիրի խոսքով` նա օգոստոսի 17-ին դատարան էր եկել դատավճռի ընթերցմանը ներկա գտնվելու համար, և չի իմացել, որ այդ օրը շենքի մոտ անցկացվելու է զորակցության ակցիա:


«Ես հարցազրույց էի տալիս լրագրողներին, և այդ պահին իմ շուրջ հավաքվեցին ոստիկանության աշխատակիցներն ու բառացիորեն տարան ինձ ավտոբուս (ոստիկանական– Tert.am): Ոչ մի անօրինական արարք ես թույլ չեմ տվել»,- ասել է նա:


Կասպարովի խոսքով` նա ոչ մի կարգախոս չի հնչեցրել: Սակայն իրավապահներն այլ բան են հայտնել` նշելով, թե Կասպարովը կարգախոսներ է հնչեցրել ակցիայի ժամանակ:


Ըստ իրավապահների` նա բղավել է «Ազատությո’ւն Pussy Riot-ին», այդ ժամանակ էլ նրան ձերբակալելու հրաման է տրվել: Ոստիկաններից մեկն էլ հայտնել է, որ քաղաքական գործիչը բղավել է նաև. «Թող կորի’ ոստիկանական պետությունը»:


Հիշեցնենք, որ նույն դատարանը 2-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»: