Լիբանանում բախումները վերսկսվել են. կան զոհեր

19:51 • 24.08.12

Զինված բախումները Լիբանանի Տրիպոլի քաղաքի կրոնական երկու խմբավորումների` սուննիների և ալաուիների միջև վերսկսվել են:


Ժամանակավոր հրադադարը խախտվել է, երբ այսօր դիպուկահարի կրակոցից զոհվել է սուննի շեյխ Խալեդ Բարդեյը:


Լիբանանի ազգայի «Վաթանիե» գործակալությունը տեղեկացրել է, որ ևս մեկ մարդ է զոհվել և 4-ը վիրավորվել Քուբբա շրջանում:


Բախումները երկու հարևան թաղամասերի` սուննիաբնակ Բաբա ալ Թաբանե և ալաուիների Ջամալ Մոհսին թաղամասերում շարունակվում են` չնայած կառավարական զորքերի խիստ վերահսկողությանն ու զինտեխնիկայի օգտագործմանը:


Վերջին մի քանի օրերին բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Տարբեր տվյալներով` վիրավորվել է 120-ից 160 մարդ:


Զինված բախումներն այստեղ են տեղափոխվել հարևան Սիրիայից, որտեղ արդեն շուրջ մեկուկես տարի շարունակվում են բախումները սուննի ընդդիմության և «ալաուիների ռեժիմի» միջև:


Տրիպոլիում ալաուիների թիվը մոտ 50.000 է և նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի: