8-ամյա աղջնակի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ կասկածվողը Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ Դավիթ Փահլևանյանն է

11:41 • 24.08.12

Երեկ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն:


Եվ ահա այսօր Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ձերբակալվածը Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 17/1 շենքի բնակիչ Դավիթ Փահլևանյանն է, ով ձերբակալվել է օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին՝ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ և Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից: Դ. Փահլևանյանը բերման է ենթարկվել 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով՝ Տիգրան Մեծի պողոտայից և խոստովանական բացատրություն է տվել, որ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու նպատակով «Odnoklassniki.ru» ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ և վերջինիս հետ նշանակել հանդիպում:


Դատախազության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի «Одноклассники» սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ և 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երևանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ: Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում և սերիալներում:


Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ:


Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:


Մեր տեղեկություններով ձերբակալվածը ավարտել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան N71 միջնակարգ դպրոցը, ապա՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Ներկայանալ չցանկացած նրա ընկերների խոսքերով՝ նա արտաքուստ հանգիստ և բարի մարդ է, և այս ամենը խիստ զարմացրել է նրան ճանաչողներին: Շատերի հավատը չի գալիս, որ նա կարող էր այդպիսի բաներ թույլ տար իրեն:

 

Ոստիկանությունը դիմում ու հորդորում է ծնողներին` երեխաներին այսպիսի և նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու լավագույն միջոցը նրանց մշտապես ուշադրության տակ ու ոչ մանկական զբաղմունքներից զերծ պահելն է: