Աշխարհում չկա մի բանակ, որը կհրապարակի բոլոր միջադեպերը. ՊՆ խոսնակ

14:00 • 24.08.12

Աշխարհում չկա մի բանակ, որտեղ կատարված բոլոր միջադեպերը, ծեծկռտուքները, ինքնախեղումները հրապարակեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Ինչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը» վերտառությամբ հոդվածին:


«Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ մեկի առջև չունի պարտավորություն, որ ամեն մի տեսակ մանր միջադեպի մասին տարածի հաղորդագրություն»,– ասաց նա:


«Պաշտպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, որն ամենակարևորն է: Եթե լինում են խոշոր միջադեպեր մենք տալիս ենք համապատասխան հաղորդագրություններ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 15-ին Նոյեմբերյանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերից մեկում զինծառայողը անզգուշաբար կրակել էր իր ոտքին, և ստանալով համապատասխանաբար բժշկական օգնություն, տեղափոխվել էր զորամասի բուժկետ:


Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այս պահին նշված զինծառայողի առողջական վիճակը լավ է և նրա առողջությանը վտանգ չի սպառնում: