«Հանրապետություն» կուսակցությունը մարտավարական նկատառումներով լռում է
«Հանրապետություն» կուսակցությունում մարտավարական նկատառումներով ձեռնպահ են մնում պատասխանել հարցին, թե կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում, թե՝ ոչ:
«Այս պահին, այս և մնացած բոլոր հարցերի վերաբերյալ հարկ չենք համարում հանդես գալ տեղեկատվությամբ»,- Tert.am-ին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ ի պատասխան այն հիշեցման, թե «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից դուրս գալիս հայտարարվեց, որ մինչև սեպտեմբեր տեղի ունենալիք ակտիվի ժողովների, քաղխորհրդի քննարկումների արդյունքում կորոշվեն կուսակցության հետագա անելիքները, այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության ձևաչափերը:
Արտակ Զեյնալյանը միայն նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, հատկապես խորհրդի նիստերի ձևաչափով՝ անցկացվել են: Ապա հավելեց, թե աշնանը կգումարվի կուսակցության համագումար: Հարցին՝ «Ե՞րբ, չէ որ արդեն աշուն է» Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Աշունը բաղկացած է երեք ամիսներից»:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, մասնավորապես, Հայաստանի բոլոր մարզերում հիմնելու են կուսակցության գրասենյակներ և առաջինը սկսելու են Գյումրիից:
Հիշեցնենք, որ մինչ «Հանրապետություն»-ը կորոշի իր տեղն ու դերը Հայաստանի ընդդիմադիր դաշտում, կուսակցությունից հեռացավ վարչության անդամ Սմբատ Այվազյանը: Այս առնչությամբ Արտակ Զեյնալյանը կրկնեց այն, ինչ օրերս ասել էր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այն է՝ «Հանրապետություն»-ում հարգում են Սմբատ Այվազյանի որոշումը:










