Empire State Building-ի մոտ կրակ բացած անձը սպանել է իր նախկին ղեկավարին
Նյու Յորքի Empire State Building երկնաքերի մոտակայքում օգոստոսի 24-ի առավոտյան հրաձգություն իրականացնողը սկզբում սպանել է իր նախկին ղեկավարին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով քննիչներին:
Ոստիկանությունից հայտնել են, որ 53-ամյա Ջեֆրի Ջոնսոնի զոհն է դարձել 41-ամյա մի տղամարդ, ով, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Ջոնսոնի նախկին ղեկավարը:
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 9 մարդ: Զոհերից մեկը մարդասպանն է, ով սպանվել է իրավապահների կողմից:
Ջոնսոնն ու իր նախկին ղեկավարը միասին աշխատել են Hazan Imports ընկերությունում, որը մասնագիտացած է հագուստի ներկրման գծով, սակայն մեկ տարի առաջ Ջոնսոնն ազատվել է աշխատանքից: Ի դեպ, ընկերության գրասենյակը գտնվում է երկնաքերին մոտ:
Հրաձիգն ապրում էր քաղաքի Մանհեթեն թաղամասում, որտեղ էլ գտնվում է Empire State Building-ը: Ինչպես նշել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, իշխանությունները մարդասպանի մասին դեռ ամբողջական տեղեկության չեն տիրապետում, սակայն իրենց հայտնի է, որ նա նախկինում դատվածություն չի ունեցել:










