Ղազախական կինոյի օրերը Երևանում կմեկնարկեն օգոստոսի 27-ին

17:30 • 25.08.12

Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ Երևանում կայանալիք տոնակատարությունների շրջանակներում օգոստոսի 27-31-ը կանցկացվեն նաև Ղազախստանի կինոյի օրեր:

 

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունից:

 

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, «Ղազախֆիլմի» և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից անցկացվող այս միջոցառման ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը:

 

Ղազախական կինոյի օրերը կմեկնարկեն օգոստոսի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում` «Քոչվորները» ֆիլմի ցուցադրմամբ, որը ղազախ հանդիսատեսի ամենասիրված ֆիլմերից է համարվում: Ղազախա-ամերիկա-ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան մի շարք դերասաններ:

 

Ֆիլմը նկարահանված է Իլյա Եսենբերլինի «Քոչվորները» ստեղծագործության երկրորդ գրքի հիման վրա: Մանսուր տղային վիճակված է դառնալ մեծ ռազմիկ, միավորել սփռված ղազախական ցեղերին և Ղազախստանի տափաստաններից հավերժ վտարել հորդաներին Այն լի է իսկական սիրո և անձնուրաց բարեկամության, հավատարմության քնարականությամբ: Ֆիլմը հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ:



Երևանում կցուցադրվեն նաև` «Իմ մանկության երկինքը», «Ով եք Դուք՝ պարո՛ն Կա» և այլ ֆիլմեր: