Կրծքագեղձի հիվանդություններն ավելացել են. Մամոգրաֆիայի կենտրոն
Հայաստանում վերջին տարիներին աճել են կրծքագեղձի հետ կապված, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժշկուհի Գայանե Հովակիմյանը, ով մամոգրաֆիայի կենտրոնում աշխատում է ավելի քան տասը տարի:
Ըստ բժշկուհու՝ աճը պայմանավորված է ոչ միայն կրծքագեղձի ուռուցքների աճով, այլ որ կանայք սկսել են ավելի հաճախ հետազոտվել. «Այսինքն՝ շատ են դիմում և շատ խնդիրներ են հայտնաբերվում: Կանայք դարձել են առավել գրագետ և հաճախում են՝ չսպասելով, որ ախտանիշները վերածվեն հիվանդության, իսկ հիվանդությունը հայտնվի բարձիթողի վիճակում»,- ասաց Գայանե Հովակիմյանը:
Համաձայն Կենտրոնի վիճակագրության՝ այս տարվա հունվարից մինչև օգոստոսի մեկը 4238 կին ենթարկվել է կրծքի սոնոգրաֆիկ հետազոտության, իսկ ևս 2205 –ը՝ մամոգրաֆիայից հետո անցել են լրացուցիչ սոնոգրաֆիա: Նորագույն թվային սարքավորումներով մամոգրաֆիկ հետազոտություն է անցել 2447 կին:
Նշենք, որ կրծքագեղձի համակողմանի հետազոտման համար ռենտգեն ժապավեններով մամոգրաֆիան ու սոնոգրաֆիան միասին արժեն 15 000 դրամ, միայն մամոգրաֆիան՝11 000, իսկ միայն թվային մամոգրաֆիայի գինը 15 000 դրամ է, սոնոգրաֆիայի հետ միասին՝ 20 000 դրամ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, այլ երկրներում մամոգրաֆիկ թվային մեկ հետազոտության արժեքը տատանվում է 870 -1000 եվրոյի սահմաններում. «Նման բարձր գինը պայմանավորված է նրանով, որ արտասահմանում խիստ բարձր է գնահատվում բժշկի աշխատանքը և, տվյալ դեպքում, այն պատճառով, որ հետազոտության պատասխանը ստանալու համար բժիշկը պետք է շատ երկար ժամանակ՝ շերտ առ շերտ, հատիկ առ հատիկ ուսումնասիրի կասկածելի հատվածները»:
Նշենք, որ թվային մամոգրաֆիկ սարքեր կան աշխարհի, ընդամենը՝ 51 քաղաքներում, իսկ հետխորհրդային տարածքի երկրներից՝ միայն Հայաստանում:
«Հայ -ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները մշտապես նշում են որոշակի տարիքային ցենզ ունեցող կանանց՝ վեց ամիսը մեկ, տարին մեկ անգամ հետազոտելու անհրաժեշտության մասին՝ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:
Ի պատասխան Tert.am –ի հարցի, թե հաճախելիությունը չի՞ նպաստի Կենտրոնի ծառայությունների գների իջեցմանը, քանի որ Հայաստանում այսօր ոչ բոլոր կանայք իրենց կարող են թույլ տալ հենց այնպես, պրոֆիլակտիկայի համար 20 000 դրամ մուծել, բժշկական կենտրոնի ղեկավարը նշեց, որ անցած 15 տարիների ընթացքում կենտրոնը ամբողջությամբ անվճար սպասարկել է 82 000 կանանց՝ «Փարոս» համակարգում ներառված, զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքի անդամներ, Հայրենական պատերազմի վետերաններ: Սոցիալական այլ խմբերի համար ևս այս հետազոտությունն անվճար է:
«Բացի այդ, եթե ինձ դիմում են ու ասում, որ հետազոտման կարիք ունեն, բայց չեն կարող վճարել, և եթե ես հավատում եմ, որ մարդն, իրոք, չի կարող վճարել, ապա հավատացեք, որևէ մեկին չեմ մերժում: Մեզ մոտ ամեն օր 10 -15 կին անվճար հետազոտվում է: Բազմապատկեք այդ 10 -15 թիվը 20 000 դրամով: Եվ այս ամենը Ռիտա Բալյանի ու Հրանուշ Հակոբյանի իմացությամբ ու թույլտվությամբ»,- նկատեց Խաչանուշ Հակոբյանը:










