Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման մասին պարզ կլինի սեպտեմբերին
Գալիք նախագահական ընտրություններում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու, առաջադրման ձևաչափի ու դրանցից բխող հարցերին կուսակցությունը կպատասխանի սեպտեմբերին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Հարցին, թե որոշվա՞ծ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերցնո՞ւմ, թե՞ չի վերցնում իր պատգամավորական մանդատը , Անահիտ Բախշյանը դարձյալ նկատեց՝ այս մասին ևս կտեղեկացվի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ «Հարսնաքարի» գործով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը չմիացավ:
Չնայած խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից սա ներկայացվեց որպես տեխնիկական խնդիր, այսուհանդերձ, կուսակցության մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս մտածում է՝ վերցնե՞լ, թե չվերցնել մանդատը, ինչից էլ, ըստ Մարտիրոսյանի, կախված կլինի ստորագրահավաքին միանալ-չմիանալը:
Ի դեպ, Անահիտ Բախշյանը աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում և ասաց, որ «ամբողջ օրն» իր տարերքի մեջ է:










