Աթար են խոստանում և աթարի համար ձայն ստանում. Ռուբեն Թովմասյան
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մեկ մարդու կուսակցություն չէ, որ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը միանձնյա որոշի՝ կուսակցությունը մասնակցելո՞ւ է առաջիկա նախագահական ընտրություններին, թե՝ ոչ:
Tert.am -ի հետ զրույցում, 2013- ի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուի առաջադրման մասին հարցին ի պատասխան, նման կերպ արձագանքեց Ռուբեն Թովմասյանը և հավելեց. «Այդ հարցը քննարկվելու է առաջադրումների ժամանակաշրջանում Կենտրոնական կոմիտեի պլենումում, որն էլ որոշում կընդունի՝ առաջադրե՞լ թեկնածու, թե՞ չառաջադրել, հաշվի առնելով մեր՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսները` նաև նկատի ունենալով, որ ԱԺ ընտրություններում մասսայական, խայտառակ կեղծիքներ են տեղի ունեցել և ոչ մի երաշխիք չկա, որ նույնը տեղի չի ունենա նաև նախագահական ընտրություններում: Հետևաբար, մենք ծանրութեթև պետք է անենք, որպեսզի կարողանանք որոշում ընդունել»:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում ութ կուսակցությունների և մեկ դաշինքի հետ ընտրապայքարին մասնակցող ՀԿԿ-ն ստացավ ընտրողների 1%-ից քիչ ավելի կամ 16 000 ձայն:
Ռուբեն Թովմասյանն այսօր իսկ կեղծված է համարում սեպտեմբերի 9-ի և սեպտեմբերի 23 –ի Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերի հինգ հարյուրից ավելի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Առաջ ենք ընկնում՝ իմանալով, որ լինելու են կեղծիքներ, որ լինելու է քաոս, մեկը կարող է մոտենալ, աթար խոստանալ, և այդ աթարի համար իրեն ձայն տան»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
Չնայած սրան, ՀԿԿ-ն ՏԻՄ ընտրություններում այնքան էլ պասիվ չէ. Էջմիածնում ունեն ավագանու անդամի, Բատիկյան գյուղում համայնքի ղեկավարի ( գործող գյուղապետն է- Tert. am) և վերջապես, Մարտունիում՝ քաղաքապետի թեկնածուներ:










