Սիրիայում ՄԱԿ-ի պատվիրակը խոստանում է առաջնորդվել սիրիացի ժողովրդի շահերով
Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) նոր պատվիրակ Լահդար Բրահիմին խոստանում է արաբական այս երկրում արյունահեղության դադարեցման հարցում ղեկավարվել սիրիացի ժողովրդի շահերով:
Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նա ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հաշվի կառնենք առաջին հերթին նրանց (սիրիացիների) շահերը: Եկեք փորձենք ու տեսնենք, թե ի՞նչ կարող ենք անել»,- ասել է պատվիրակը` հավելելով, որ ինքը կփորձի «օգնել որքան հնարավոր է և չի խնայի ոչ մի ջանք»:
Իր հերթին, Բան Կի Մունը հայտարարել է, որ Բրահիմիի առջև «բարդագույն խնդիր է դրված` խաղաղություն ու կայունություն բերել Սիրիա, աջակցել մարդու իրավունքների պահպանմանը»:
Բրահիմին ՄԱԿ-ի և ԱԵԼ–ի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել մեկ շաբաթ առաջ: Նրանից առաջ այս պաշտոնին եղել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ով հրաժարվել էր երկարաձգել պաշտոնավարման ժամկետները:
Բրահիմին համաձայնել էր ստանձնել նոր պաշտոնը միայն մեկ պայմանով, եթե ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի «հատուկ բանագնաց» անվանումը փոխարինվի «հատուկ ներկայացուցիչ» բառակապակցությամբ:










