Սիրիահայ երեխաները հայրենիք կցանկանային գալ միայն ժամանակավոր (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ կառավարության հրավերով 14 օրով Հալեպից Հայաստան ժամանած 150 դպրոցահասակ երեխաներ, որոնք հյուրընկալվել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում, այսօր Երևանում էին:
Քանի որ երեխաները երեկոյան պետք է վերադառնային ճամբար, հատուկ նրանց համար օրը ցերեկով միացվել էին Հանրապետության հրապարակի երգող շատրվանները:
Tert.am-ի հետ զրույցում «Լուսաբաց» ճամբարի փոխտնօրեն Վաչագան Ավետիսյանն ասաց, որ արդեն 4-րդ օրն է, որ երեխաները իրենց մոտ են և հասցրել են լինել Սևանում, Գոշավանքում և այսօր արդեն հերթը մայրաքաղաքինն է:
«Երեխաների օրը բավական հագեցած է՝ արշավներ, խաղեր, ճանաչողական այցեր»,-ասաց նա:
Երեխաներին Հալեպից Հայաստան ուղեկցող Հովիկ Բանբալյանը նշեց, որ երեխաներին այս օրերին օգտակար է նման օդափոխությունը:
«Լավ մթնոլորտ է պզտիկներու համար, օդափոխություն է լարված վիճակեն ազատվելու համար: Շատ լավ է, օրակարգը լավ կանցնի՝ այցելություններ տեսարժան վայրեր, ճանաչողական արշավներ անտառներով, դեռ մի քանի տեղ էլ կհասցնենք այցելել»,-ասաց նա:
Հովիկ Բանբալյանը նշեց, որ ճիշտ է Հալեպում վիճակն անկայուն է, բայց հայերը ամեն կերպ փորձում են զերծ մնալ հակամարտությունից։
«Այդուհանդերձ հայերի համար, իհարկե, լիովին ապահով չի կարող լինել: Շատ կցանկանանք ավելի ապահով միջավայր վերադառնայինք: Հուսանք, որ կլավանա, մեր երկրորդ հայրենիքն է Սիրիան, մեր ցանկություն է, որ շուտ ավարտի ամեն ինչ, իսկ մենք ոչ թե նման պայմաններում գանք, այլ ավելի առողջ պայմաններում»,-ասաց նա:
Հովիկ Բանբալյանը նշեց, որ 150 հոգանոց խմբի բոլոր երեխաներն էլ սեպտեմբերի 4-ին կվերադառնան:
«Ամսի 4-ին երեխաներին ոնց բերել ենք, այնպես էլ կվերադարձնենք նրանց ծնողներին, եթե, իհարկե, օդանավի խնդիր չլինի»,- ասաց նա:
Տասնհինգամյա Անդրանիկ Գյուլդանյանը չի վախենում հաճախակի դարձած պայթյուններից և թեև գոհ է շրջայցից, բայց ցանկանում է վերադառնալ տուն, հարազատների մոտ և դպրոց գնալ. «Անշուշտ, դպրոցները կաշխատեն, և մենք նորմալ դպրոց կգնանք»։
Իսկ Գրիգոր Ղաֆելյանն ավելացրեց, որ հայրենիք կցանկանար գալ միայն ժամանակավոր. «Ժամանակավոր կուզեի, բայց Սիրիա կուզեմ վերադառնալ»:










