Տիգրան Ուրիխանյանը շատ կցանկանար, որ ողջամտությունը հաղթեր և ԲՀԿ-ի առաջարկներն իրականացվեին

13:14 • 25.08.12

Վարչապետի պաշտոնանկության վերաբերյալ Բարգավաճ Հայաստանն իր դիրքորոշումը չի փոխել. այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ միաժամանակ հավատացնելով, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցային գործընթաց տեղի չի ունեցել և չի որոշվել, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը կհանձնի ԲՀԿ-ին:


Այդուհանդերձ նա չի թաքցնում, որ կցանկանար հարցը իրենց ցանկությամբ լուծում ստանար: «Շատ կցանկանայի ողջամտությունը հաղթեր և ԲՀԿ-ի առաջարկները՝ թե ծրագրերի և թե լուծումների, առավել ևս կադրերի առումով իրականացվեին»,- ասաց նա և ավելացրեց, որ նման հնարավոր բանակցությունները կարվեն բաց:


«Ցանկացած բանակցային գործընթաց լինելու է բաց, պարզ և թափանցիկ, ընդունելի հասարակության կողմից»,- ասաց նա:


Նշենք, որ ԲՀԿ-ն բազմիցս դեմ է արտահայտվել վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, իսկ այս տարվա հունիսին Ազգային Ժողովում ընդունված կառավարության հնգամյա ծրագրին այդ կուսակցությունը դեմ քվեարկեց: