Բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը. ՀՀ վարչապետ
Հայաստանի բուժհիմնարկներում ավելացել է ստվերայնությունը. այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք կՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:
«Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչո՞ւ են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը տարակուսել է, որ Առողջպահության նախարարությունում չի իրականացվում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ, ինչպես նաև, որ հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:
Խորհրդակցությանը ներկա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել:
Տիգրան Սարգսյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հանձնարարել է իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս Հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:
Հայտնելով, որ սեպտեմբերին կամփոփվեն բուժհիմնարկներում իրականացվելիք ստուգումների արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հորդորել է խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:










