Մահմուդ Աբասը սպառնացել է բոյկոտել Չմիավորման շարժման գագաթաժողովը

11:05 • 26.08.12

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը սպառնացել է բոյկոտել Թեհրանում անցկացվելիք Չմիավորման շարժման գագաթաժողովը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:  Ըստ Al- Arabiya հեռուստաալիքի`  պատճառը հանդիպմանը «Համաս» շարժման ներկայացուցիչ Իսմայիլ Հանիայի հնարավոր ներկայությունն է: 

«Նախագահ Մահմուդ Աբասը չի մասնակցի Չմիավորման շարժման գագաթաժողովին, եթե այնտեղ ներկա գտնվի Իսմայիլ Հանիան: Ի դեպ, Հանիայի մասնակցության կարգավիճակը բացարձակ կարևոր չէ»,- ասել է Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքին:


Ավելի վաղ «Համաս»-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրավիրել է Հանիային  գագաթաժողովին մասնակցել «հատուկ հյուրի» կարգավիճակով:

«Այն ժամանակ, երբ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ագրեսիվ քաղաքական արշավ է տանում մեր հանդեպ, Իսմայիլ Հանիայի հրավերը գագաթաժողովին նշանակում է, որ Իրանը միանում է իսրայելական ճամբարին»,- ասվում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:


Իրանը համարվում է «Համաս» իսլամիստական շարժման դաշնակիցն ու հովանավորը, որը պայքարում է առավել աշխարհիկ հայացքներ կրող ՖԱԹՀ շարժման դեմ: Վերջինս վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող տարածքները: Աբասը բազմիցս մեղադրել է Իրանին` «Համաս» շարժման հետ համաձայնության հասնելու փորձերը տապալելու մեջ:

Սպասվում է, որ շարժման անդամ երկրները գագաթաժողովին կընդունեն «Պաղեստինի հռչակագիր», որտեղ կաջակցեն Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու նախաձեռնությանը` մինչև 1967թ.-ի սահմաններով: