Ալթայի երկրամասում սիբիրախտի վարակ է տարածվել

13:51 • 26.08.12

Ալթայի երկրամասի Դրուժբա ավանում սիբիրախտի պատճառով կարանտին է հայտարարվել:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, սիբիրախտ է հայտնաբերվել 4 տեղաբնակների մոտ:

Ալթայի երկրամասի ոստիկանությունից տեղեկացրել են, որ շրջանի երթևեկությունը ոստիկանության հսկողության տակ է և բոլոր տրանսպորտային միջոցները ստուգվում են:

 

Տեղեկությունը, թե ավանի որոշ բնակիչները սիբիրախտով են վարակվել, հայտնի է դարձել օգոստոսի 25-ին: Նրանցից մեկը օգոստոսի 24-ին հոսպտալացվել էր և հաջորդ օրը մահացել հիվանդանոցում:


Ենթադրվում է, որ մարդիկ սիբիրյան խոցով վարակվել են տավարի մսից:


Այսօր նախատեսվում է գյուղի բոլոր բնակիչների շրջանում բուժզննում իրականացնել, ինչպես նաև պատվաստել ընտանի կենդանիներին:


Սիբիրյան խոցը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, մարդուն փոխանցվում է կենդանիներից: Այս հիվանդությունն աչքի է ընկնում մահացության մեծ ցուցանիշով: