Ալյասկայում արջը հոշոտել է իրեն լուսանկարել փորձող զբոսաշրջիկին
Հյուսիսամերիկյան գորշ արջը Ալյասկայի ազգային արգելոցներից մեկում հարձակվել է զբոսաշրջիկի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է. տեղեկացնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ զբոսաշրջիկը Թոկլատ գետի մոտ տեսել է արջին և որոշել է լուսանկարել նրան: Թեև արջերին 400 մետրից ավելի մոտենալ չի թույլատրվում, տղամարդը մոտեցել է մոտ 45 մետր: Դատելով լուսանկարներից, որն արել է զբոսաշրջիկը մահանալուց առաջ, արջը սկզբում ագրեսիա չի դրսևորել: Զբոսաշրջիկը մոտ 8 րոպե հանգիստ լուսանկարել է նրան, ինչից հետո է միայն արջը հարձակվել:
Հարձակման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այլ զբոսաշրջիկներ նկատել են նրա ուսապարկը, ապա` հագուստի մնացորդներն ու արյունը:
Արգելոցի աշխատակիցները ուղղաթիռով հասել են դեպքի վայր և հայտնաբերել մարդասպան արջին ու զբոսաշրջիկի մնացորդները: Նրանք պնդում են, որ սա առաջին դեպքն է, երբ արջն այստեղ մարդ է հոշոտում:
Արջ տեսնելիս չպետք է կտրուկ շարժումներ անել, բղավել կամ փախչել: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նման դեպքերում պարզապես դանդաղ հեռանալ:










