Էկվադորը վերականգնում է Ասանժի հարցով Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի հետ բանակցությունները

11:50 • 26.08.12

Էկվադորը վերականգնում է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցով Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի հետ բանակցությունները: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը,  այս մասին հայտարարել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան` ազգային հեռուստաընկերության եթերում:

 

«Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակները` կամ Լոնդոնն Ասանժին երկրից անվտանգ ելքի թույլտվություն է տրամադրում, կամ Շվեդիան երաշխիքներ է տալիս, որ չի արտահանձնի նրան երրորդ երկրի»,- ասել է Էկվադորի նախագահը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Էկվադորի իշխանությունները Լոնդոնում գտնվող իրենց դիվանագիտական ներկայացուցչությունում հունիսի 19-ից թաքնվող Ասանժին քաղաքական ապաստան էին տրամադրել: Սակայն նա չի կարող լքել դիվանագիտական ներկայացուցչությունը, քանի որ բրիտանական իշխանությունները դեմ են երկրից նրան դուրս թողնելուն և պատրաստվում են ձերբակալել նրան ու հանձնել Շվեդիային: Սակայն Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում:


Էկվադորի նախագահը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշանությունները հետ են վերցրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը գրոհելու սպառնալիքը:Նա նշել է, որ այդ դժբախտ միջադեպն արդեն անցյալում է, սակայն բրիտանական իշխանությունները «դիվանագիտական մահացու սխալ» են թույլ տվել ` սպառնալով գրոհել դեսպանատունը: