I love PKK գրության պատճառով թուրք օդաչուն հրաժարվել է թռչել Վենետիկից
Թուրքական ավիաուղիների ինքնաթիռի օդաչուն հրաժարվել է օդ բարձրանալ, երբ ուղեկցող մեքենայի վրա նկատել է I love PKK գրությունը. տեղեկացնում է Haberturk-ը:
Թռիչքից մի քանի օր առաջ թուրքական Գազիանթեփ քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) խոշոր ահաբեկչություն էր իրականացրել, ինչի հետևանքով զոհվել էր 9, վիրավորվել 63 մարդ:
Վենետիկի օդանավակայանում թուրքական ինքնաթիռի առաջին օդաչուն, նկատելով գրությունը, հրաժարվել է թռչել` պատճառաբանելով, որ «եթե PKK-ի կողմնակիցները կարողացել են հասնել այդտեղ, հավանական է, որ նրանք ինքնաթիռ վտանգավոր պայթուցիկ նյութեր էլ տեղավորած լինեն»:
Դրանից հետո վերստուգվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների ուղեբեռները, բոլոր ճամպրուկներն իջեցվել են ինքնաթիռից և զննվել: Թռիչքն ավելի քան 1 ժամ ուշացել է:
Օդանավակայանի աշխատակիցները տեղեկացրել են, որ ուղեկցող մեքենաների վրա նմանատիպ բազմաթիվ գրություններ կան և իրենք չեն էլ նկատել ու հասկացել, թե ինչ է նշանակում I love PKK-ն:










