«Իսահակ» փոթորկի պատճառով Միթ Ռոմնին նախագահի թեկնածու կհայտարարվի մեկ օր ուշացումով
Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում օգոստոսի 27-30-նն անցկացվելիք Հանրապետական կուսակցության համագումարի կազմակերպիչները փոփոխությունների են ենթարկել միջոցառումների ցանկը` մոտեցող «Իսահակ» փոթորկի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Կազմակերպիչների խոսքով` համագումարը, ըստ նախատեսվածի, կմեկնարկի օգոստոսի 27-ին, սակայն այդ օրը նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն հաջորդ օրը: Հիշեցնենք, որ համագումարի պատվիրակները պետք է Միթ Ռոմնիին պաշտոնապես հայտարարեն Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, ով աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի դեմոկրատ Բարաք Օբամայի հետ:
Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթն արդեն հայտարարել է, որ մոտեցող փոթորկի պատճառով չի կարող մասնակցել համագումարի աշխատանքներին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը:
Նախօրեին «Իսահակ»-ը հասել է Կուբային` մինչ այդ անցնելով Հայիթիի հարավային հատվածով` այնտեղ առաջացնելով ջրհեղեղներ ու խլելով նվազագույնը 4 մարդու կյանք:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումերի համաձայն` Ֆլորիդա նահանգին «Իսահակ»-ը կմոտենա օգոստոսի 27-28-ին:










