Գելենջիկում ձերբակալված հայ էկոլոգը կարող է մեղադրվել Պուտինի թիկնապահի վրա հարձակվելու մեջ

17:15 • 26.08.12

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում ձերբակալվել է «Հյուսիսային Կովկասի գծով էկովախտա»-ի ղեկավար, «Յաբլոկո» կուսակցությունից Կրասնոդարի երկրամասի խորհրդարանի պատգամավորի թեկնածու Սուրեն Ղազարյանը: Ինչպես «Գազետա.ռու»-ին է հայտնել «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը, ձերբակալման պատճառներն անհայտ են:

«Ձերբակալել են անօրինական կերպով: Ղազարյանը համարվում է պատգամավորի թեկնածու: Նրան իրավունք չունեին ձերբակալել առանց դատախազի թույլտվության»- ասել է Միտրոխինը:


Հիշեցնենք, որ Սուրեն Ղազարյանն ու մի խումբ բնապահպան ակտիվիստներ ամիսներ առաջ հասարակական ստուգումներ էին անցկացրել Սև ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը:Սակայն նրանց աշխատանքներին խոչընդոտել էին նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահները:

 

«Յաբլոկո»-ի ղեկավարի խոսքով`  Ղազարյանն իրեն պատմել է, որ իրեն ձերբակալել են նախագահի թիկնապահի` ոմն Պիրոգովի վրա հարձակվելու համար: Իբր Ղազարյանը ցանկացել է քար նետել նրա վրա:

«Միևնույն ժամանակ հերթապահ ոստիկանը բոլորովին այլ բան է ասել: Իբր Ղազարյանը չի ներկայացել ոստիկանական բաժանմունք: Սակայն նրան այդ մասին ոչ մի ծանուցում չէր էլ ուղարկվել»,- ասել է Միտրոխինը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ակտիվիստն օրեր առաջ մտավախություն էր հայտնել, որ իր նկատմամբ կարող է հարուցվել երկրորդ քրեական գործը: Այս տարվա հունիսին դատարանը Ղազարյանին և ևս մեկ ակտիվիստի` Եվգենի Վիտիշկոյին դատապարտել էր 3 տարվա պայմանական ազատազրկման Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի առանձնատան պարսպին արված գրության համար: