Բացվեց հայ-իտալական առևտրա-արդյունաբերական ասոցիացիա

21:15 • 27.08.12

Հայաստանի և Իտալիայի միջև գոյություն ունեն կայուն զարգացման առևտրա-տնտեսական հարաբերություններ, այս մասին այսօր Հայ-իտալական առևտրա-արդյունաբերական ընկերակցության բացմանն ասաց ընկերակցության նախագահ Արթուր Պավլովը։


Նա նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար ստեղծվում են դրական հիմքեր:


«Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում մի շարք իտալական ընկերություններ՝ այդ թվում հեղինակավոր, ինչպես նաև իտալական ընկերությունների հետ համագործակցող տեղական ընկերություններ»,– ասաց նա:


«Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցիացիան ստեղծվել է ծառայելու հենց այս ընկերությունների՝ ասոցիացիայի անդամ ընկերությունների շահերին: Մենք ներկայացնելու ենք և պաշտպանելու ենք ասոցիացիայի անդամների տնտեսական շահերն ու իրավունքները: Բացահայտելու ենք, ինչպես նաև ընդհանրացնելու ենք մեր անդամների շահերի հետ առնչվող հիմնախնդիրները»- ասաց Արթուր Պավլովը:


Ըստ ասոցիացիայի նախագահի՝ միությանն արդեն անդամագրվել է 23 ընկերություն, սակայն միությունը գալիք 2013թ. պատրաստվում է ընդլայնել անդամների ցանկը՝ նպատակ ունենալով Հայաստան ներգրավվել իտալական և հայաստանյան ընկերությունների միջև տնտեսական և գործարար հարաբերությունները:


«Նախատեսվում է նաև, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Ասոչացիոնե կամարե էստերո» արտասահմանում իտալական առևտրական պալատների միջազգային ցանցի մեջ: Նախատեսվում է նաև եռամսյակը մեկ տպագրել հանդես, որտեղ կհրապարակվեն ասոցիացիայի գործունեության նյութեր, և տեղի ունեցած միջոցառումներ»,- նշեց Արթուր Պավլովը:


Ասոցիացիայի բացմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյանը, Իտալիայի արտգործնախարարի տեղակալ Մարտա Դասսուն, և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: