Երևանում արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար երթուղային տաքսիները դուրս են բերվում գծերից

15:30 • 27.08.12

 

 

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել թվով 10 մեքենա, ձեռնարկվել են նաև համապատասխան միջոցներ չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում, ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:


Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման գործընթացի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 18 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը` հնարավոր դեպքերը բացառելու համար:


Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայտարարությունների մաքրման աշխատանքները:


Բացի այդ, այս շաբաթ կմեկնարկեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների առաջին խմբաքանակի տեղադրման աշխատանքները:


Անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչև լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին`«Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարեցվել են և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս ավարտելու ուղղությամբ: «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները: