Թուրք նախարարը Ֆրանսիային կոչ է արել Ցեղասպանության թեման չներառել դասագրքերում

19:45 • 27.08.12

Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հույս է հայտնել, որ Ֆրանսիան «սխալ թույլ չի տա» և չի ներառի միջնակարգ դպրոցների դասագրքերում  Հայոց ցեղասպանության մասին գլուխներ, հայտնում է «Աքշամ» թերթը:



«Պատմական փաստերը խեղաթյուրելու փոխարեն, ավելի լավ է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առավել շատ ջանք ներդնի ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցներում հայտնված լուրը:

Բաղըշը նշել է, որ Ֆրանսիան այդ կերպ ատելություն է սերմանում թուրքերի հանդեպ և հույս է հայտնել, որ Ֆրանսիան մեկ վայրկյան առաջ հետ կկանգնի այդ որոշումից:

 

Նա հայտարարել է, թե Թուրքիայի պատմության մեջ «ամոթալի ցեղասպանություններ» չեն եղել: Նա մեջբերել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերը և հայտարարել, թե թուրքերը փորձում են «աշխարհում սեր ու խաղաղություն տարածել»:



Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշման համաձայն` ֆրանսիական դպրոցների պատմության և աշխարհագրության դասագրքերում կներառվեն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող գլուխներ: