Մուբարաքը հացադուլ է հայտարարել

20:16 • 27.08.12

Ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հացադուլ է հայտարարել` այդ կերպ փորձելով ստանալ իրեն բուժող բժշկի հետ հանդիպման թույլտվություն:


Նախկին առաջնորդը հրաժարվել է նաև դեղեր ընդունել ու բուժզննում անցնել, հայտնում է vz.ru-ն: Հաղորդվում է, որ նրա որդին` Գամալ Մուբարաքը, փորձել է հորը հետ կանգնեցնել նման քայլից: Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ նախկին առաջնորդի առողջական վիճակը գնալով վատանում է:

 

Մուբարաքը ցմահ բանտարկության էր դատապարտվել հունիսի 2-ին` 2011թ.-ի սկզբին բարձրացված ազգային ապստամբության ժամանակ ցուցարարների սպանությանը մասնակցության համար: Դատական նիստից անմիջապես հետո, նա տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունիսի 19-ին Մուբարաքը սրտի նոպա էր ունեցել, նույնիսկ լուրեր էին հայտնվել, որ նա կլինիկական մահ է տարել: Նա բանտից տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: