«Մանկական Նոր ալիք 2012»–ում արժանի էինք նաև «Գրան պրի»-ի. Նադեժդա Սարգսյան

12:30 • 27.08.12

«Մանկական Նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի մասնակիցները ոչ միայն արժանի էին առաջին հորիզոնականի, այլ նրանք կարող էին «Գրան պրի» ստանալ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ով միջազգային երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներ Սոնա Գյուլխասյանի և Արինա Մալխասյանի պրոդյուսերն է:


«Մինչ բուն համերգը կան մի շարք մրցույթներ, նրանք հետևում են մասնակցի գրագիտության մակարդակը՝ փորձերի ժամանակ հարցազրույցներ տալիս: Հետո արդեն ամեն ինչ սկսվում է բեմում: Նրանք ասում են, որ մասնակիցը պետք է լինի պրոֆեսիոնալ արտիստ, ասում են՝ եթե կանգնած եք այս բեմում դուք արդեն արտիստներ եք»,- ասաց Նադեժդա Սարգսյանը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 13-16-ը Յուրմալայում կայացել է «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացված էր երկու մասնակցով. նրանցից Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Արինա Մալխասյանը՝ 6-րդ:


Նադեժդա Սարգսյանը նաև նկատեց, թե մրցույթում Սոնայի երկրորդ տեղ զբաղեցնելը քաղաքական ենթատեքստ ուներ։


«Հենց տեղի մամուլն էր գրել, որ առաջին տեղը զբաղեցնողը ֆալշ երգով է հանդես եկել, բայց նա գրավեց առաջին հորիզոնականը: Սակայն Սոնայի հաջողությունը միայն մերը չէ, սա մեր ողջ պետության հաջողությունն է: Գիտեք, Սոնան այնպես է երգել, որ հենց ժյուրիի կազմում նստածները չէին կարող այդպես երգել»,– ասաց նա:


Սոնա Գյուլխասյանն իր հերթին նշեց, որ, ճիշտ է, հուզվել են երկրորդ տեղը զբաղեցնելու համար, սակայն իրենք երկրորդ հորիզոնականն էլ են համարում հաջողություն:


«Մենք արել ենք ամեն ինչ և ունենք հաջողություն, սակայն դեռ ամեն ինչ առջևում է»,- ասաց Սոնա Գյուլխասյանը: