Հունաստանը ճգնաժամի պայմաններում ազատվում է կառավարական ինքնաթիռներից

23:55 • 27.08.12

Հունաստանի կառավարությունը կվաճառի կամ Զինված ուժերին կփոխանցի կառավարական ինքնաթիռների պարկը: Այս մասին այսօր հայտնել են հունական կառավարության մամուլի ծառայությունից` վկայակոչելով վարչապետ Անտոնիս Սամարասի որոշումը:


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, պետական ծախսերը տնտեսելու նպատակով պետությունը կվաճառի 13 տեղանոց Embraer կառավարական ինքնաթիռը:


Մեկ այլ` 30 տեղանոց Embraer օդանավն էլ կտրվի Ռազմաօդային ուժերին (ՌՕՈՒ): Այն նախատեսվում է օգտագործել օդաչուների ուսուցման ու հիվանդներին կամ դոնորական նյութերի արագ տեղափոխման համար:


Երրորդ` Gulfstream մակնիշի ինքնաթիռն էլ դեռ կմնա կառավարության տրամադրության տակ, սակայն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի ՌՕՈՒ-ին:

 
Ճգնաժամի պայմաններում Հունաստանը զգալիորեն կրճատում է պետական ծախսերը, մասնավորապես` աշխատավարձերն ու կենսաթոշակները:
 

Հունիսին վարչապետ նշանակված Սամարասը բանակցություններ է վարում Եվրոպական Միության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` Հունաստանին հերթական ֆինանսական օգնությունը տրամադրելու շուրջ: