Pussy Riot-ի փաստաբանները բողոքարկել են վճիռը

19:19 • 27.08.12

Ազատազրկման դատապարտված Pussy Riot սկանդալային պանկ- ռոք խմբի երեք անդամների փաստաբաններն այսօր բողոքարկել են օգոստոսի 17-ին Խամովնիչեսկի դատարանի կայացրած վճիռը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հիշեցնենք, որ դատարանը 2-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա’յր, վտարի’ր Պուտինին»:


«Այսօր մենք կարճ բողոք ենք ներկայացրել, չնայած այն այդքան էլ կարճ չես անվանի, քանի որ 15 էջանոց է»,- ասել է փաստաբան Վիոլետա Վոլկովան:

Մեկ այլ փաստաբան` Նիկոլայ Պոլոզովի խոսքով` վճիռը գրված է յուրահատուկ լեզվով, այդ իսկ պատճառով ժամանակ է հարկավոր այն ուսումնասիրելու և ավելի երկար բողոք ներկայացնելու համար: Նրա խոսքով` բողոքում լրացում կարվի մի փոքր ուշ: