Կառավարությունում տեղի ունեցավ սահմանների արդիականացման մասին պայմանագրի ստորագրումը

17:08 • 27.08.12

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր:

 

Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:

 

Ծրագրի նպատակն է արդիականացնել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերը` դրանք համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:

 

Միաժամանակ, նախատեսվում է վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը և նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, որը թույլ կտա տեղայնացնել ԵՄ սահմանների համալիր կառավարման լավագույն փորձը և սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:

 

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 7-ին Եվրոպական Ներդրումային բանկի հետ ստորագրել է 30,316 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր:

 

Նախատասեվում է նաև 10,3 մլն եվրոյի վարկային համաձայանգրի ստորագրում Վերակառուցման և զարգացման եվրոոպական բանկի հետ:

 

Եվրոպական Ներդրումային բանկը նաև կհամակարգի ԵՄ հարևանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 մլն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:

 

Ծրագրի բյուջեի մաս կկազմի նաև ԵՄ արևելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» և «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով: