ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Տավուշի մարզում ընտրական բարձր ակտիվություն է
Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերի մի քանի հարյուր համայնքներում 2012թ. սեպտեմբերի 23–ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) առաջադրվել են համայնքի ղեկավարի ու ավագանու բազմաթիվ թեկնածուներ. 3000–ից ավելի, որոնցից 2740-ը ավագանու անդամի թեկնածուներ են:
Նկատելի ակտիվություն է դրսևորվում, հատկապես, սահմանամերձ Նոյեմբերյանում և հարակից գյուղերում, որոնցից շատերը դարձյալ սահմանային գյուղեր են՝ Ոսկեպարը, Չինարին և այլն:
Առաջադրված թեկնածուների թվաքանակով առաջին տեղում Նոյեմբերյան քաղաքն է, որտեղ առաջադրված են քաղաքապետի երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վանուշ Ամիրաղյանը և ինքնաառաջադրված Քաջիկ Անանյանը:
Որպես ավագանու թեկնածու առաջադրվել են 16 հոգի, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետական կուսակցության (Մամյան Գարիկ, Անանյան Արթուր, ), իսկ մեկը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչներ են (Ամիրաղյան Արթուր):
Մնացած թեկնածուներն ինքնաառաջադրված անկուսակցականներ են՝ «ՀայՌուսգազարդ»-ի օպերատոր Լուսինե Փաշիկյանը, Նոյեմբերյան քաղաքի Զբաղվածության կենտրոնի տնօրեն Սամվել Բուդաղյանը, «Բջնի» գործարանի մենեջեր Մհեր Մամյանը, ուսուցիչ Գարիկ Մամյանը, «Զևս ՍՊԸ-ի տնօրեն» Մխիթար Խաչիկյանը, «Արդշինբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղի վարկային մասնագետ Դավիթ Իսրայելյանը, «Լուսածիր ԲՀԿ» կազմակերպության նախագահ Աիդա Զուրաբյանը, Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանը, «Ա. Գիշյան» ՍՊԸ–ի տնօրեն Արարատ Գիշյանը, ազատ ձեռնարկատեր Թաթուլ Գասպարյանը, «Հայէլցանց ՓԲԸ»-ն ներկայացնող Կարեն Անտոնյանը, «Լևոն-2» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը,անկուսակցական Արմեն Ամիրաղյանը, անհատ ձեռներեց Արթուր Ամիրաղյանը, «Ռեկոն Փրինտ» ՍՊԸ-ի տնօրեն Ասքանազ Ազիզբեկյանը:
Ինչպես երևում է թեկնածուների ազգանուններից նրանցից շատերը ազգակցական կապեր ունեն միմյանց հետ, իսկ Ամիրաղյանները՝ նաև գործող քաղաքապետի:
Բարձր ակտիվություն է նկատվում նաև Տավուշի մարզի գյուղերում՝ համայնքի ղեկավարի առաջադրումներում, որտեղ առաջադրված են 8, 10, 11 թեկնածուներ:
Օրինակ՝ սահմանամերձ Տավուշ գյուղում ինքնաառաջադրվել են 8 թեկնածուներ, որոնցից 6-ն անկուսակցական են: Այս գյուղում հետաքրքիր է նաև թեկնածուների կուսակցական պատկանելությունը՝ ոչ մի ՀՀԿ–ական, փոխարենը՝ մեկական թեկնածուներ «Օրինաց երկրից» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունից:
Կա մեկ կին թեկնածու՝ Հեղինե Քալանթարյանը, ով ներկայացնում է գյուղի Մշակույթի տունը:
Տավուշի մարզի Վարագավան գյուղում առաջադրված տասը թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են, Վազաշենում առաջադրվել են 11 թեկնածուներ, որից մեկը կին է, Սևքարում առաջադրված են 8 թեկնածու, 9-ը՝ Չինարի և Ոսկեպար գյուղերում:
Առաջադրված թեկնածուների սոցիալական ցենզն այսպիսին է՝ դպրոցի տնօրեններ, դպրոցի պահակ (Պտղավան ), անտառապահ, անտառտնտեսության անտառապաթոլոգ (Արծվաշեն), Ջրօգտագործման ընկերության նախագահ, զինղեկ և այլն:










